пятница, 9 марта 2012 г.

Հայաստանում դատապարտյալների իրավունքների իրավիճակային վերլուծություն


Հայաստանում դատապարտյալների իրավունքների իրավիճակային վերլուծություն
Վերլուծելով հարցի իրավական կողմը՝ հարկ է նշել, որ կասկածյալների հարցաքննությունը իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) դրույթներին համապատասխան, մասնավորապես օրենսգրքի 211 հոդվածը սահմանում է.
1. Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:
2. Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվելու պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին արգելանքի վերցնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Հարցաքննությունից առաջ կասկածյալին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա հետաքննության մարմինը կամ քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կասկածյալին և նրա պաշտպանին: Պաշտպանի հետ տեսակցության ժամկետը չի կարող երկու ժամից պակաս լինել:
3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաև նրա իրավունքները` ներառյալ ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) իրավունքները:
4. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի և բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
5. Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:
(211-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն)
Հարցաքննության արդյունքները պետք է ամփոփվեն հարցաքննության արձանագրությունում:
Օրենսգրքի 209 հոդվածի համաձայն.
«1. Հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
2. Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխանները գրի են առնվում նույն հաջորդականությամբ, որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք չեն ընդունվել քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները նշվում են արձանագրությունում:
Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, ինչի մասին քննիչն արձանագրությունում նշում է կատարում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:...
...6. Արձանագրությունում նշվում են բոլոր այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաև դրանում արված բոլոր լրացումները և ուղղումները:
Հարցաքննությանը մասնակցող անձանց կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը կամ ստորագրման անհնարինությունը հավաստվում է սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով:
7. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը հավաստում է իր ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձը ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:»
 Հոդվածի 4-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ հարցաքննության ընթացքում իրականացվել են լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում, ապա արձանագրությունը պետք է պարունակի՝
1) նշումներ լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու մասին.
2) նշումներ օգտագործվող տեխնիկական միջոցների, լուսանկարահանման, ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման պայմանների կամ ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման ընդհատման տևողության մասին.
3) հարցաքննվող անձի հայտարարությունները և դիտողությունները լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու վերաբերյալ.
4) քննիչի և հարցաքննվող անձի՝ արձանագրության ճշտությունը հավաստող ստորագրությունները.
5) նշումներ հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձի կողմից սխեմաներ, գծագրեր, նկարներ, դիագրամաներ պատրաստելու և դրանք արձանագրությանը կցելու մասին:

Անդրադառնալով հաջորդ բարձրացված հարցին, որը վերաբերում է ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ խտրականության և բռնության կիռարման դեպքերին, հարկ է նշել, որ իրավական-օրենսդրական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Ձերբակալված անձանց պահելու վերաբերյալ դրույթներ ներառված են «Ձերբակալված եվ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով.
Մասնավորապես օրենքի երկրորդ հոդվածով սահմանվում է.
«Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին և Քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաև անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ:
Սույն օրենքով նախատեսված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:»


«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սահմանված իրավունքները, ազատությունները և պարտականությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմանափակումներով:
Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, անձնական անվտանգությունը և նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականությունն ապահովվում են օրենքով:
Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները սահմանվում են սույն օրենքով և ներքին կանոնակարգով: Ձերբակալված և կալանավորված անձինք, իրենց իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:…»
Ինչպես երևում է հոդվածի տառացի մեկնաբանումից ազատազրկման դատապարտված և կալանավորված անձինք ունեն նույն իրավական վիճակը ինչ այլ քաղաքացիները, սակայն օրենքով սահմանված կարգով վերջիններս սահմանափակվում են ։
Օրենքի 13  հոդվածով սահմանվում են վերոնշյալ սուբյեկտների իրավունքները.
«
Հոդված 13.
Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
4) առողջության պահպանման, այդ թվում` ստանալ բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.
5) սոցիալական ապահովության.
6) ստանալ իրավաբանական օգնություն.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.
10) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի.
11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
13) իր մոտ ունենալ քրեական գործին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերի և գրառումների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.
14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների:
Կալանավորված անձը նաև իրավունք ունի`
1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.
2) աշխատել.
3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերել սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
4) ստանալ և ուղարկել դրամական փոխանցումներ:
Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:»

Հարկ է անդրադառնալ մի շատ կարևոր հիմանախնդրի , որը վերաբերում է ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կյանքի և առողջության իրավունքին, ինչպես նշված է վերոնշյալ հոդվածի 4-րդ մասում ձերբակալված անձն ունի առողջության պահպանման իրավունք, այդ թվում` իրավունք ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին։
Օրենսդիրը ֆիքսում է վերոնշյալ անձանց առողջության պահպանման և կյանքի իրավունքը, որոնք արդեն իսկ հռչակված են ՀՀ կողմից վավերացված բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերում, սակայն չկան նշված սուբյեկտների վերոնշյալ իրավունքների ապահովման իրավական երաշխիքներ պարունակող գործուն նորմեր:
Մեր կազմակերպությունն իրականացրել որոշակի ուսումնասիրություններ վեր հանված հարցեր հետ կապված և ունի տեղեկություններ այն մասին, որ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալների առողջության պահպանման նկատմամբ բավականաչափ ուշադրություն չի դարձվում ազատազրկման դատապարտված անձանաց պահպանման հատուկ հաստատությունների վարչակազմի կողմից, բացի այդ վիրահատական միջամտություն պահանջող հիվանդություններ ունեցող որոշ դատապարտյալներ, տանջվում են առանց համապատասխան բժշկական օգնության։ Ներկայումս մենք սպասում ենք համապատասխան պետական կառավարական մարմինների` (խոսքը տվյալ պարագայում վերաբերում է մասնավորապես Արդարադատության նախարարությանը) մեր հարցումների պաշտոնական պատասխաններին։
Մենք ծրագրում ենք համապատասխան հիմքերի հավաքագրմամբ դատական կարգով պաշտպանել նշված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, անհրաժեշտության դեպքում ներկայացնելով նաև վերջիններս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում` և տալով հարցին ռազմավարական նշանակություն։

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan